ՄԵՏԱՔՍԵ
Ապրիլի 27-ի «Առավոտ»-ում «Աշխարհն առանց խտրականության» վերնագրի տակ կարդացի պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքը. «1999-ի սեպտեմբերից իմ դպրոցում հայտնվեց առաջին հաշմանդամ երեխան` Աշխենիկ Ավագյանը։ Մեզ մոտ տեղափոխվեց հատուկ դպրոցից։ Նրա բժշկական տեղեկանքի մեջ գրված էր, որ նա մտավոր հետամնաց է և չի կարող սովորել։
Բայց այսօր նա ավարտել է դպրոցը, սովորում է քոլեջում և պատրաստվում է դառնալ գործավար»։
Ինձ համար անակնկալ էր այդ լուրը։ Վատ զգացի, որ ֆիզիկական արատ ունեցող երեխային բնութագրել են մտավոր հետամնաց։
1992-ի փետրվարին ես Ազգային հեռուստատեսությամբ կոչով դիմեցի հանրապետության կանանց` բրդից տաք գուլպաներ, ձեռնոցներ գործել, բերել գրողների տուն, ուղարկելու Արցախ, կռվող ազատամարտիկներին, որոնց ոտքերը սառնամանիքից փայտանում էին։ Ստեղծվեց «ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբ»` իմ նախագահությամբ։ Օգնությունը կրեց համաժողովրդական բնույթ։
Այդ օրերին էր, երբ շտաբ մտավ մի երիտասարդ կին, դստեր հետ։ Երեխան քայլում էր դանդաղ, զգուշավոր։ Նա դժվարությամբ մոտեցավ գրասեղանին ու իմ դեմ դրեց տարիներով հավաքած մանրադրամի իր գանձատուփը։ Նա յոթ տարեկան էր, Աշխեն Ավագյան անուն-ազգանունով։ Նրա հետ ես բավական երկար զրուցեցի։ Զգացի, որ շատ նուրբ ներաշխարհ ունի, քնքուշ, շվարած և անհամարձակ էություն է։ Պատասխանները խելոք էին ու տրամաբանված։ Երկուսս էլ հուզվել էինք։ Մեր զրույցին ներկա էր «Գրական թերթի» լուսանկարիչը, որը պահը բաց չթողեց։ Հաջորդ օրը թերթի ընթերցողները զանգահարում էին մեր շտաբ ու գովում փոքրիկ Աշխենին իր մեծ հայրենասիրության համար։
Անցան տարիներ։ Գարնան մի օր Հանրապետության հրապարակի արևոտ մայթին անսպասելի ինձ ողջունեց Աշխենը։
-Հարսնացու ես դարձել, Աշխեն, սիրելիս,- բարձրաձայնեցի` փարվելով նրան։
Աշխենը պատմեց, որ ավարտել է դպրոցը և սովորում է քոլեջում։ Զրույցից հետո հրաժեշտ տվեցինք իրար նորեն հանդիպելու ակնկալիքով։ Այն ամենին, ինչին հասել է Աշխենը, կարող էր հասնել ուզած գթասիրտ ուսուցչուհու մոտ։ Տվյալ դեպքում Անահիտն է եղել այդ սրտացավ մարդը, թող օրհնվի, մանավանդ Աշխենին վայելուչ տեսնելու անհրաժեշտությունը պետք էր, երևի, հատուկ նպատակի` այսօրվա համար...
Քայլում էի ու մտածում, թե այդ ո՛ր բարձրակարգ մասնագետն է վճռել, թե Աշխենը մտավոր հետամնաց է, և այդ ո՛ր չափորոշիչն է հաստատել այդ, երբ աշխարհում գոյություն չունի, դեռ չի գտնվել նման չափորոշիչ։
Բժշկի թո՞ւղթը... Ես էլ կարող եմ մի թուղթ բերել, որ ներառական կրթությունը հեռահար վտանգ է պարունակում, թեև արտաքինից շպարված է մարդասիրական բառերի թավիշով, բայց իրականում խորքում վտանգ է ծվարած։ Նրա կողմնակիցները ձգտում են պարտիզանական ձևերով ու միջոցներով խցկել այն Հայաստանի բջիջների մեջ և համարձակ առաջ են գնում, համոզված լինելով, որ վերադարձին նույն ճանապարհի վրա չեն լինի այլևս տաղանդներ, որոնք շախմատի համաշխարհային մրցույթներում կարող էին փառք ու համբավ բերել իրենց երկրին, այլ նրանց դեմ կելնի դեբիլների մի բուռ ամբոխ և աստղերի մի պտղունց` հայոց արդեն անառողջ գենոֆոնդից։
Ակամա հիշեցի գյումրեցի Անթառամ մամիս, երբ մի օր Յոթվերք գնալիս, հեռվից տեսնելով հին հարևանուհուն, վշվշաց.
-Եղսոն է, աղջկան հիվանդանոց կտանի։ Բժիշկները հույս չեն տա, կըսեն մտավոր հետամնաց է, էն էլ` բնածին... Երկուսն էլ մեղք են...
Իմացի՛, էրեխի պտղավորման ժամանակ, երկնային կոդավորման պահին, եթե սատանի մատը խառնվեց պտղի ձևավորման պրոցեսին, էդ էրեխեն անպայման արատով կծնվի, և աշխարհում ոչ ոք չի կրնա սատանի ծռածը շտկե... Հանճարներու հոգևոր գործողությունները կսրբագործե ինքը` անձամբ հայր Աստված... Հը՛բը, ըդպե՛ս է...
Խոստովանում եմ, որ Անահիտ Բախշյանը մայրաքաղաքի իմ սիրելի կանանցից մեկն է եղել։ Մտածում էի` ազգի նվիրյալ է, բայց պարզվում է, որ դեռ տասը տարի առաջ, ժողովրդի թիկունքում, Երևանի թիվ 27` Դ. Դեմիրճյանի անվ. դպրոց է եկել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը և կարողացել է նախահարձակ, շշմեցնող ու խելապտույտ հորդորով Անահիտին գցել իր ներառականի ցանցը` խայծ ընտրելով որբ ու միամորիկ Աշխեն Ավագյանին, որպես մտավոր հետամնացի։ Եվ այսօր Աշխենը դարձել է քավության նոխազ, դարձել է ներառական կրթության շնչավոր գովազդը, քանզի ամենուր բանավոր, անգամ մամուլով հոլովում են, թե ներառական կրթության շնորհիվ մտավոր հետամնաց Աշխեն Ավագյանը հասել է մեծ հաջողությունների։ Այնուհետև Անահիտ Բախշյանը նույն տեղում բնութագրում է. «Ներառական կրթությունը... Դա դաստիարակություն է, դա կյանքի, համբերատարության, հանդուրժողականության, խտրականության բացառման դպրոց է, քրիստոնեական մթնոլորտ է...»։ Ի՞նչ է, մինչև ներառականը ծրագրելն աշխարհը դաստիարակված չէ՞ր, որ համբերատարությամբ նայում էր, թե ինչպես են մեկուկես միլիոն հայերին եղեռնո՞ւմ։ Եվ, բացառելով խտրականությունը, հանդուրժում էր ոճրագործներին` որոնցից ոմանք իրենց ազգն ու ազգանունը փոխելով, վխտում են հողագնդի տարբեր եզերքներում ու դավեր են նյութում մարդկության դեմ։
Այդ ո՞ւմ եք քրիստոնեական մթնոլորտ քարոզում, Անահիտ, հայերի՞ն։ Զավեշտ է։ Մենք աշխարհում առաջինն ենք ծիածանել քրիստոնեական մթնոլորտի գույները։ Հայերն իրենց կորուստներն ու արցունքները շահել են հենց քրիստոնեական մթնոլորտը պաշտելու ճանապարհին... Այնպես որ, Քրիստոսը մեր հոգու մթնոլորտում է։ Դու Պիղատոսի դեմ կանգնած Քրիստոսի՞ն ես ուզում։ Բայց մերն այն Քրիստոսն է, որը Երուսաղեմից ձաղկեց ու դուրս գցեց լումայափոխներին, անազնիվներին ու բոլոր նրանց, ովքեր ապականել էին հավատն ու Հոր սրբազան տաճարը...
Մենք քեզ հետ միասին հայեր ենք ու պաշտում ենք մեր հոգու մթնոլորտում ապրող Հիսուս Քրիստոսին, որն իր արդար հավատով մահապարտների փոքրաթիվ ջոկատներին Արցախյան հերոսամարտում առաջնորդեց մինչև սուրբ հաղթանակ` զարմանքի աստղեր սփռելով միջազգային հանրության ապշահար հոգիներին...
Տասը տարի է, որ ժողովրդի թիկունքում Հայաստանն ընկել է ներառական կրթության ցանցը։ Տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ գայթակղվել է այդ վտանգավոր ծրագրով։ Տասը տարիների ընթացքում ներառականները պարտիզանների ճարպկությամբ տակից այնպես են գործել, որ դեբիլների թիվը մեծացել է հանրապետությունում։ Հայաստանը կարծես նրանց տնամերձը լինի։ Հասնում են նույնիսկ երկրի հեռավոր շրջաններ և իրենց կամքն են թելադրում` տնօրինելով հանրապետության կրթական համակարգի ճակատագիրը։
«Այսօր արդեն Տավուշի մարզն ամբողջությամբ ներառական կրթություն է իրականացնում»,- հպարտությամբ գրում է «Առավոտի» նույն տեղում Անահիտ Բախշյանը։ Բայց ի՞նչ միջոցներով են իրականացնում մտավոր հետամնաց և հոգևոր խեղվածների կրթելն առողջների կողքին։ Չէ՞ որ հիվանդների չափորոշիչները հատուկ չափորոշիչներ են և դեռ լիովին բացահայտված չեն։ Սա էլ այն դեպքը չէ, որ, ի միջի այլոց, աչքաչափով խաղան, առողջ երեխայի և ազգի առողջ գենոֆոնդի ապագայի հետ։
Վանաձորից կիլոմետրեր հեռու, մի կանաչ բացատում էր գտնվում Փամբակի մեր մանկատունը, որն ուներ երկու հարյուր երեխա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջափակված Լենինգրադից մեզ մոտ ժամանակավոր կեցության բերեցին մանկատան 150 երեխա։ ՈՒղեկցում էր Մարինե Իվանովան` իր մանկավարժներով, հոգեբաններով, լոգոպեդներով։ Մեր տնօրենը նրանց տրամադրեց մի ամբողջ երկհարկանի շենք։ Տիկին Մարինեն մեծ կենսափորձ ունեցող կին էր։ Մենք մտերմացել էինք, երբ մի օր նա պատմեց, որ իրենց երեխաների մեջ կան տարբեր արատներ ունեցողներ, որոնցից դժվարը մտավոր հետամնաց և հոգևոր խեղված երեխաներն են, որոնք քնում են առանձին և առանձին են կրթվում։ Մեծ եղավ զարմանքս, երբ առաջին անգամ Մարինեից լսեցի, որ Հայաստանում էլ կան արատ ունեցող երեխաներ` խուլեր, համրեր, կակազողներ, կույրեր, անգամ բարձրագույն կրթություն են ստանում։ Ստանում են մասնագիտացված կրթություն, որն ուղղակի փրկություն է նրանց համար։ Պատմեց, որ մասնագիտություն ստացած և՛ տղաները, և՛ աղջիկները սիրահարվում են, հավանական է, ինչպես Լենինգրադում, ամուսնանում, ունենում են բացարձակ առողջ երեխաներ։ «Տարիներ առաջ Երևանից մեզ մոտ աշխատանքային փորձի փոխանակումներ են եղել։ Ինչպես մենք, դուք էլ ունեք հատուկ դպրոցներ, որտեղ սովորում են մտավոր հետամնացները և հոգով խեղվածները։ Չափորոշիչներ չկան, կան մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են` օգնելու երեխաներին։ Ինձ մոտ կան ռմբակոծությունից խլացած, նաև կակազող երեխաներ, որոնք հոգեկան ցնցումներ են ստացել ռումբերի ոռնոցներից։ Հույս ունեմ, որ նրանց կվերադարձնենք իրենց նախկին վիճակին։ Երեք տարի առաջ Մոսկվայում Երևանից մի խուլ աղջիկ մրցանակ շահեց իր գործած գոբելենով»,- ժպտաց Մարինեն` ուսերս գրկելով...
Հայ և ռուս երեխաներն ընտելացել էին իրար։ Արդեն տարուց ավելի էր, միասին էին սնվում, խաղում էին, միասին անտառ էին գնում։ Միջոցառումներին միասին էին լինում։ Իմ հայացքից չվրիպեց ինձ զարմացնող մի երևույթ, երբ հատուկ կարիք ունեցող երեխաները միշտ առանձնանում էին դահլիճում, նստում էին միասին, առանձին շարքեր էին զբաղեցնում։ Մի օր Մարինեից հետաքրքրվեցի, թե դա ի՞նչ բան է, ինչո՞ւ չեն նստում անգամ իրենց ռուս առողջ ընկերների կողքին։ Մարինեն ժպտաց.
-Ամեն թռչուն թռչում է իր երամի հետ։ Բնության օրենքն է։ Մարդն իր նմանի հետ իրեն ավելի լավ է զգում...
Օրերս գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, որ նոր է վերադարձել Գերմանիայից, պատմեց.
-Կեսօր էր։ Անցնում էի Բեռլինի մի դատարկ փողոցով։ Հանկարծ կանգնեցրին։ Մոտեցավ ոստիկանը, պահանջեց հետևեմ իրեն, քանզի անցել եմ արգելված փողոցով։ ՈՒզում էին դատել, հազիվ կարողացա հասկացնել, որ նկարիչ եմ, հայ եմ, անծանոթ եմ քաղաքին։ Մեղմացան, տուգանեցին։ Պարզվեց, որ ես անցել էի հատուկ կարիք ունեցողների թաղամասով, որը խիստ արգելված էր անցորդների համար։ Գերմանիայի ամեն քաղաքում այդպիսիների համար թաղամասեր կային։
-Այս շենքում ապրում են հատուկ կարիք ունեցողները։ Դուք ազատ գալիս, անցնում եք փողոցով։ Նրանցից մեկը հանկարծ պատուհանից կարող է նայել ու վատ զգալ, որ դուք կաշկանդված չեք, ինչպես ինքը, հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ վատ զգա,- կոտրտված ռուսերենով բացատրեց գերմանացի ոստիկանը...
Երբ լսում էի այս տխուր պատմությունը, սիրտս մղկտում էր, թե մեր հանրակրթական դպրոցներում, ուր ներառական կրթություն են իրականացնում, օրական քանի՞ հատուկ կարիք ունեցողներ են ընկճվում` առողջ երեխայի կողքին նստած։ Եվ` հակառակը, մանավանդ, երբ բացակայում է չափորոշիչը, չես իմանում հիվանդը խթանիչ ուժ կստանա՞ առողջի հետ շփվելիս։ Եթե չստանա, առողջը կսկսի նյարդայնանալ, դառնալ դյուրագրգիռ, կարող է և հիվանդանալ...
Ներառական կրթության ավերածության սկիզբը դրվում է մանկապարտեզից և շարունակվում է դպրոցում։ Ներառական կրթության ժամանակ առաջին հերթին իջնում է հանրապետության ընդհանուր կրթական համակարգի մակարդակը...
Ներառականը հայերի բանը չէ՛ և ո՛չ էլ` հրեաների` ելնելով նրանց ներաշխարհի տիպական հոգեկերտվածքից, զգացողության բնույթի սրությունից...
Աշխարհի գոյատևության աստվածառաք կշեռքի երկու նժարներից մեկում հայերն են, մյուսում` հրեաները... Եթե դատարկվի այդ նժարներից մեկնումեկը, տիեզերքը կամայանա...
Այսինքն, տեղի կունենա այն, ինչ ասաց բուլղարացի մեծ գուշակուհի Վանգան. երբ մեր հրաժեշտի պահին գրող Սևդա Սևանը հարց տվեց, թե ի՞նչ է լինելու աշխարհի վերջը։ Իմաստուն Վանգան, խնայելով հավաքված բազմությանը, պատասխանեց.
-Եթե ասեմ, թե ինչ է լինելու, չե՛ք ուզի ապրել...
Աշխարհը դեռ չի ստեղծել այդ հատուկ չափորոշիչը, երևի նրա համար, որ չկործանվեն աղքատների խելոք երեխաները, որոնք դեռ կառուցելու են այս հողագնդի վրա Աստծո սիրո և բարության սրբազան բուրգերը...
Բայց չէ՞ որ ներառականը կրթական համակարգ չէ։ Դա ընդամենը գործածությունից մաշված գոյականների բառափունջ է, ցուցադրական հնարանք, հերթական վտանգավոր մի ծրագիր` այսօր դրված հայերի դասդասած միամտության լեռան գագաթին, ուր ծածանվում է գլոբալիզացիայի երկնագույն դրոշը...
Տասնամյակներ շարունակ մեզ մոտ կրթության բնագավառում յուրաքանչյուր երեխայի համար, ելնելով նրա տարիքային հոգեկերտվածքից, ֆիզիկական պատրաստվածությունից, ստեղծվում են չափորոշիչներ, և, ըստ այդմ, կազմվում են ծրագրեր ու դասագրքեր։ Առողջ երեխաների և արատ ունեցող երեխաների համար ծրագրերն ու դասագրքերը նույն չափորոշիչներով են ստեղծվում։
Ինչ վերաբերում է մտավոր հետամնաց և հոգևոր խեղումներ ունեցող երեխաների համար ուսումնական ծրագրեր և դասագրքեր կազմելուն այստեղ անվերապահորեն անհրաժեշտ են հատուկ չափորոշիչներ, որոնք աշխարհը դեռ չի ստեղծել, սահմանում չի տվել...
Երևանի մանկավարժական համալսարանի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը գրում է. «Բայց սահմանը ո՞րն է այդ «շատ խորի», դեռ ոչ ոք չի տվել, դեռ ոչ ոք չի գտել։ Նախ պետք է գտնել այն սահմանը, թե ի՞նչ աստիճանի հոգեկան խեղումներ և զարգացման մեջ հապաղումներ ունեցողներն են, որոնք չեն կարող սովորել հանրակրթական դպրոցներում» (27.4.09, «Առավոտ»)։
Հանրապետության հանրակրթական դպրոցներում առողջ երեխաների կողքին ինչպե՞ս պիտի կրթվեն մտավոր հետամնաց և հոգևոր խեղված երեխաները, երբ չունենք բարձրակարգ մասնագետներ և, որ ամենակարևորն է, չկան հատուկ չափորոշիչներ։ ՈՒրեմն, մեր չափորոշիչներն իջեցվում, հավասարվում են մտավոր հետամնաց և հոգևոր խեղվածների մակարդակի՞ն, որը կործանարար ազդեցություն կթողնի առողջ երեխաների մտավոր զարգացման վրա և ճանապարհ կհարթվի դեպի հայոց առողջ գենոֆոնդի դեգրադացում...
Ծնողներն իրենց երեխաների ապագան փրկելու համար կհեռանան Հայաստանից, և սկիզբ կդրվի հայաթափության...
Կուզենայի, որ մեր պետական այրերը` գիտության, կրթության և առողջապահության նախարարները, սրտացավորեն թափանցեն ներառական կրթության հեռահար վտանգավոր խորքերը և համընդհանուր կրթական հիմնախնդիրներ լուծելիս, հաշվի առնելով հազարավոր մայրերի խնդրանքը, Երևանում և շրջկենտրոններում առանձնացնեն հատուկ դպրոցներ, որտեղ կրթություն կստանան միայն մտավոր հետամնաց և հոգևոր խեղված երեխաները։ Նրանք կունենան հատուկ մանկավարժներ, հատուկ հոգեբաններ, հատուկ դաստիարակներ...
Ինչ վերաբերում է երեխաների ինտեգրմանը, անհրաժեշտ է համագործակցության ծրագրեր մշակել, պլաններ կազմել հանրակրթական դպրոցների երեխաների հետ ինտեգրվելու։ Պետք է ստեղծել մշակույթի կենտրոններ, որոնց աշխատանքները կվերահսկվեն գիտության, կրթության և առողջապահության նախարարությունների կողմից, որպեսզի հանրակրթական դպրոցի երեխաներն ըստ ծրագրերի հանդիպումներ ունենան հատուկ դպրոցներում սովորողների հետ։
Ինչո՞ւ եմ տագնապած խոսում, քանզի խելք ունեցողը կհասկանա, որ զուր են վրդովվում ներառականները, թե Եվրոպայում, ուրիշ երկրներում ներառական կրթության դրախտ է։ Մենք ունենք մեր կերպն ու տեսակը, մեր խիստ ազգային բնույթն ու հոգեկերտվածքը, մեր դրախտը... Այդ ուրիշ երկրները հարգվում են մեր երկրի կողմից, բայց մեզ համար չափանիշ չեն։ Մենք պիտի մերը պահպանենք։ Նրանք և՛ քանակով, և՛ տարածքով ծով են ու ծովացած։ Եթե այդ ծովերից մի դույլ վերցնես, ոչինչ չի փոխվի... Մենք հայրենիքում մի դույլ ենք մնացել, եթե ա՛յդ դույլից մի գդալ վերցնես, դույլի շուրթերը կչորանան...
7 հուլիսի, 2009 թիվ